Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կողմ, թե դեմ

Կողմ, թե դեմ
27.02.2015 | 00:11

Ամեն ինչից բացի, փետրվարի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստում մեզ ասվեց, որ Սահմանադրությունը փոխվելու է, և կա հասարակական բավարար կոնսոլիդացիա երկրի հիմնական օրենքը փոփոխելու համար: Թեև դեռ հասարակությանը ներկայացված չէ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը, հայտնի է, որ սահմանադրական բարեփոխումներին ԱԺ-ում կողմ են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, դեմ են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»: ՕԵԿ-ը ցանկացած բարեփոխում ընդունում է, եթե ինքնանպատակ չէ: Ընդհանրության մեջ կարծիքները բաժանվում են երկու խմբի: Առաջին՝ համակարգային փոփոխություններին կողմ լինելով՝ խորհրդարանական կառավարման համակարգն ընդունում են՝ համարելով, որ ավելի ժողովրդավարական մեթոդ դեռևս աշխարհի քաղաքական միտքը չի հնարել:
Երկրորդ՝ դեմ են և բերում են մի քանի հիմնավորումներ: Որովհետև դա արվում է գործող իշխանությունը պահելու համար: Որովհետև խնդիր համարում են ոչ թե Սահմանադրությունը կամ կառավարման ձևը, այլ օրենքների չգործելը և որևէ երաշխիք չեն տեսնում, որ Սահմանադրության փոփոխության դեպքում օրենքները սկսելու են գործել: Որովհետև Սահմանադրության փոփոխությունը չեն համարում պետության թիվ մեկ խնդիրը՝ արտագաղթի, աղքատության տեմպերի աճի, քաղաքական և տնտեսական դաշտում մրցակցության բացակայության պայմաններում: Որովհետև անցումը խորհրդարանական կառավարման ձևին ենթադրում է կայացած քաղաքական դաշտ, իսկ քաղաքական դաշտը կայանում է, երբ կա ընտրական համակարգ: Եթե Հայաստանում ընտրական համակարգն իսպառ բացակայում է, դեռևս հնարավոր չէ չկայացած քաղաքական դաշտով, գոյություն չունեցող ընտրական համակարգով անցում կատարել խորհրդարանական կառավարման: Որովհետև հիմա խորհրդարանական մոդելին անցումը չի համապատասխանում երկրի կառավարման հնարավորություններին, և կիսանախագահական կառավարման մոդելը Հայաստանի պես երկրների համար ապահովում է օպերատիվ կառավարում, եթե օրենքները գործեն:
Փաստորեն ստացվում է, որ համակարգային փոփոխությունն ընկալվում է իբրև կառավարման մոդելի փոփոխություն, և քանի որ համակարգային փոփոխության կողմ են բոլորը ու արդեն երկար ժամանակ, ուստի ելքը տեսնում են հիմնական օրենքը փոխելով՝ խորհրդարանական կառավարման անցնելու մեջ: Այդ դեպքում՝ ինչո՞ւ են այդքան շատ նրանց «որովհետև»-ները, ովքեր դեմ են Սահմանադրությունը փոխելուն: Հայաստանի երրորդ Հանրապետության Սահմանադրության բախտը չբերեց ի սկզբանե՝ սահմանադրական հանրաքվեն անցկացվեց խորհրդարանական ընտրությունների հետ՝ 1995-ի հուլիսի 5-ին: Ներիշխանական քաղաքական պայքարն ու հասարակական երկփեղկվածությունը ստվերեցին հիմնական օրենքի կարևորությունը, և հայտարարելով, որ ընտրությունները կեղծված են, հայտարարվեց, որ կեղծված է և հանրաքվեն: 10 տարի անց՝ 2005-ին, սահմանադրության բարեփոխման հանրաքվեն անցավ հասարակության բացարձակ իներտության պայմաններում և էական փոփոխություններ չբերեց, թեև համարվում էր, որ հստակ տարանջատվում են իշխանության թևերը, զսպումների ու հավասարակշռության հաստատման մեխանիզմներ են ստեղծված, որ կրճատվում են նախագահի իրավասությունները և մեծանում՝ խորհրդարանի ու վարչապետի: Դեյուրե՝ այո, բայց դեֆակտո՝ ՀՀ նախագահն է տնօրինում համատիրության հավաքարարից մինչև վարչապետի նշանակման հարցերը, ու դա հենց այն է, ինչ կոչվում է օրենքները չեն գործում, գործում են հեռախոսային իրավունքը և պաշտոնյաների սակրալ ուժ ստացած կամայականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ասաց, որ ինքը դեմ է Սահմանադրության փոփոխությանը, բայց երկրի զարգացման անհրաժեշտությունը պահանջում է կառավարման մոդելի կատարելագործում: Ի՞նչ եք դուք ընտրում:

Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ